Անգղը կտցում է աչքերս -
ես շշնջում եմ՝ եղիցի լույս,
կտցահարում է շուրթս ու լեզուս -
ես շշնջում եմ՝ Աստված, մայրիկ...
Անգղը սիրտս է փորփրում - ես
մրմնջում եմ՝ արև ի՜մ սեր,
հյուսվածքներս է պատառոտում -
մրմնջում եմ՝ ավետյաց հող:
Անգղը խմում է արյունը իմ –
շշնջում եմ՝ զավակ իմ, տուն,
շնչափողս է կտցահարում -
մրմնջում եմ՝ երազ իմ՝ կյանք…
Փոխարկվում է անգղն ապա սադայելի,
բորենու կամ՝ նոր հրեշի մարդանման -
եվ միշտ, արբած իր գերազանց ճարտարությամբ,
քանդակում է իմ մահը՝ սուր հատիչներով գիշատչության,-
քրքրվում եմ, փոշիանում և… կցմցվում հետզհետե,
ի մի գալիս նույն ջղերով, թևերով ու ոգեվառմամբ
և փափագում ի մի բերել էամիջուկ գոյերին, որ
լիակատար զգամ նրանց իրարաստեղծ ուժն ու լեզուն,
հետո ճերմակ վեմին պարզեմ վայելչագիր -
ինչ է լույսը զվարթագին,
հողն ավետյաց, տունն ու Աստված,
ինչ է մայրը, զավակ ու զարմ,
իրոք, ինչ է սերը հրաշք
եվ կյանքն այս՝ միանվագ ու վարդավառ…
24.07.2023
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ